Թուրքական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը՝ բացատրելով դա եղանակային պայմաններով

Թուրքական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը՝ բացատրելով դա եղանակային պայմաններով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Մենք ունեցել ենք դեպք հոկտեմբերի 6-ին և 7-ին, 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիայի հետ սահմանի վրա, և, հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ: Մեր «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, այդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,- ասել է Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել:

«Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը: Սակայն ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել», - ասել է Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ եթե իսկապես անվտանգության կանոններից ելնելով է նման իրավիճակ ստեղծվել, ապա միջազգային համաձայնագրերի շրջանակում դա նախապես պետք է համաձայնեցվի:

«Իհարկե գիտեք, որ Թուրքիայի պարագայում մենք նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր պետք է ունենայինք, որը չունենք: Դրա համար էդ համաձայնեցումը նախապես Թուրքիայի պարագայում չի եղել:», - նկատել է Մովսիսյանը՝ հավելելով, որ համաձայնեցումըը ամբողջ աշխարհում ընդունված աշխատաոճ է քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում, ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում: Երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ:

1993-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողեն եղել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---