Նախարարությունը պարզաբանում է՝ Սևանի ջուրը գոլորշիացել է

Նախարարությունը պարզաբանում է՝ Սևանի ջուրը գոլորշիացել է

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է վերջին շրջանում մամուլում Սևանա լճի մակարդակի իջեցման վերաբերյալ տարածված մտահոգություններին: Հոկտեմբերի 21-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.24 մ, ինչը 2014 -ի հոկտեմբերի 21-ի (1900.17 մ) համեմատ 7 սմ-ով ավելի է:

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.34 մ (2014-ի նույն օրվա 1900.29 մ-ի համեմատ):

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողնումը շարունակվել է մինչև սեպտեմբերի 12-ը: Լճի մակարդակն այդ օրվա դրությամբ, ըստ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների` կազմել է 1900.30 մ, հայտնում է Aysor.am-ը:

Շահագրգիռ գերատեսչությունների կողմից ստեղծված խումբը 2015-ի սեպտեմբերի 18-ին կապարակնքել է «Սևան» ՀԷԿ ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները և շարժաբերները), որից հետո Սևանա լճից ոռոգման կամ այլ նպատակներով ջրի բաց թողնում չի իրականացվել:

Լճի մակարդակի ևս 6 սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ:

Ավելի վաղ ԷկոԼուրը հայտնել էր, որ 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակն իջել է 10 սմ-ով:

Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սևանա լճից պետք է սահմանափակվեին 170 միլիոն խմ-ով և պաշտոնապես դադարեցված լինեին հոկտեմբերից:

Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---