Եվրոպացի պաշտոնյա. Սահմանադրության բարեփոխումների արդյունավետությունը կախված է դրա կիրարկումից

Եվրոպացի պաշտոնյա. Սահմանադրության բարեփոխումների արդյունավետությունը կախված է դրա կիրարկումից

PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից մշակված Սահմանադրության նոր նախագծում տասնյակ փոփոխություններ ու առաջադիմական քայլեր կան, այնուհանդերձ, դրա արդյունավետ գործունեությունը կախված է դրա անմիջական կիրարկումից։ Այդ դեպքում Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար, ասել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հոկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկմանը:

Սիգելեն նշել է, որ հետևում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ծանոթ են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։

«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել ի օգուտ մարդու իրավունքների պաշտպանության, օրինակ՝ վերացվել է դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է, միայն ծանր հանցագործություն կատարած անձիք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Սիգելեն նշել է, որ Սահմանադրության նախագծում որոշ հոդվածներ խտրական սահմանափակումներ են պարունակում, որոնք կարող են սահմանափակել քաղաքացիական խմբերի իրագործումը. «Հուսով եմ, որ այս հարցի ուղղությամբ լուծումներ կտրվեն»։

Անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նա նշել է, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի օմբուդսմենին, ինչը ամրագրված չէ Սահմանադրությամբ, թեև նման դրույթ կա համապատասխան օրենքում։ Ըստ Սեգելեի՝ սա կարևոր է, որպեսզի ապահովվի օմբուդսմենի, նրա ֆինանսական անկախությունը։

Քննարկման ժամանակՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի ճամբարների կողմից, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան, գրում է Panorama.am-ը:

«Ես երկու կողմերի ուշադրությանը կհրավիրեմ նախագծի թերություններն ու դրական կողմերը և մի խորհուրդ կտամ։ Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, հետևաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց», - ասել է նա:

«Ոչ»-ի ճամբարին ուղղելով խոսքը, Օմբուդսմենն ասել է, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծում եվրոպացի գործընկերները, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական լուծումներ են տեսնում:

«Պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացրեք 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս, որովհետև որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են», - ասել է Անդրեասյանը:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին:

ոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---