Չաշխատող մայրերին նպաստ տալու օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Չաշխատող մայրերին նպաստ տալու օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 97 կողմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, գրում է Panorama.am-ը:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», - ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

Կարդացեք նաև՝ ԲՀԿ-ն կողմ է նպաստի նախագծին, բայց աշխատող և չաշխատող մայրերին չպետք է տարբերակել

ՀՀ-ում չաշխատող մայրերը մոտ 126.000 դրամ նպաստ կստանան 2016-ի հունվարից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---