Կուստուրիցան՝ Երևանում. Թուրքիայում չեն ողջունում Ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը

Կուստուրիցան՝  Երևանում. Թուրքիայում չեն ողջունում Ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հայտնի սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան Երևանում է և դեկտեմբերի 25-ին The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի հետ հանդես է գալու համերգով:

Կուստուրիցան The No Smoking Orchestra-ի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ խմբի հետ համերգով հանդես կգա Երևանում:

«Ինձ համար մեծ հաճույք է լինել մի երկրում, որի հետ մենք շատ նմանություններ ունենք: Մի մեծ տարբերություն կա, դուք՝ հայերդ, շատ համախմբված եք, ունեք պետականություն, որը ձեր հավաքական արձագանքն է արտահայտում Ցեղասպանության վերաբերյալ: Իմ ազգը, որը պարբերաբար գրոհների է ենթարկվել, միասնական հանդես չի գալիս: Ուստի, ամեն անգամ այս երկիր եմ գալիս՝ զգում եմ, որ դուք միասնական ու համախմբված եք»,- լրագրողներին ասել է Էմիր Կուստուրիցան:

Նա պատմել է, որ Երբ 3-4 տարի առաջ Թուրքիայում էր, այնտեղ չէին ողջունում ցեղասպանության վերաբերյալ նրա դիրքորոշումը, գրում է Tert.am-ը:

«Ես էլ ասացի, որ դուք չէ, որ պետք է ինձ ասեք, թե ինչ դիրքորոշում ունենամ, քանի որ 20-րդ դարի սկզբին դուք էիք, որ միլիոնուկես հայերի ցեղասպանության ենթարկեցիք», - ասել է ռեժիսորը:

Կուստուրիցան նաև պատմել է, որ երբ հեռացել է այդ երկրից, իրեն ասել են, թե Թուրքիայում այդ օրերին ծեծի են ենթարկել մի շվեցարացի կինոռեժիսորի, ով նման է եղել իրեն:

Խոսելով Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի ու քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների մասին՝ ռեժիսորը ասել է.

«Իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս ոչնչացման շեմին ենք կանգնած: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այստեղ պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են գալիս: Ես, իհարկե, փախստականների դեմ ոչինչ չունեմ, բայց մշտապես ինքս ինձ հարց եմ տալիս` ինչու փախստականները ուղղակի չեն գնում Սաուդյան Արաբիա, որը ամենահարուստ երկրներից մեկն է, այլ գալիս են Եվրոպա` կտրել-անցնելով ավելի երկար ճանապարհ: Ֆրանսիացի շատ հայտնի մի մտավորականներից մեկն այդ հարցիս պատասխանեց` նրանք կարիք ունեն տարեկան մեկ մլն մարդ Եվրոպա ուղարկել, որպեսզի Եվրոպան կորցնի իր ինքնությունը: Երբ ես կնքվեցի, դարձա քրիստոնյա (Կուստուրիցան ծնվել է մուսուլման ընտանիքում և միայն մի քանի տարի առաջ կրոնափոխ է եղել՝ դառնալով ուղղափառ քրիստոնյա), այդ ժամանակ քրիստոնեության վատ շրջանն էր, բայց քանի որ ես հավատում եմ արվեստին, ես նաև հավատում եմ Աստծուն», մեջբերում է Panorama.am-ը:

Սերբ կինոռեժիսորը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են ինչպես քաղաքական դիրքով, այնպես էլ մշակույթով և պատմությամբ: Երկու ազգն էլ ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին»:

Էմիր Կուստուրիցան հարավսլավացի և սերբ կինոռեժիսոր է, Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր, որը Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու» էարժանացել, Պատվավոր լեգիոնի շքանշանակիր է, Սերբիայի Հանրապետության գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրացի անդամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---