Սվիտալսկի. ԵՄ-ն ամեն տարի 50 միլիոն եվրո է ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների

Սվիտալսկի. ԵՄ-ն ամեն տարի  50 միլիոն եվրո է ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Եվրամիությունը, որոնք իրավական նոր բազայի շուրջ բանակցություններ են վարում, թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ ԵՄ-ն գտնվում է այն ելման կետում, որը հնարավորություն է ընձեռում լինել և՛ եվրասիական ինտեգրման նախագծում ու ՀԱՊԿ անդամության պայմանագրում, և՛ միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը Հայաստանի համար խոշորագույն դոնոր է:

«Մենք ամեն տարի 50 միլիոն եվրո ենք ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների, մենք արտաքին առևտրի խոշոր գործընկերն ու խոշորագույն ներդրողն ենք, օժանդակում ենք ՀՀ-ին՝ կայունացման և արդիականացման գործում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

ԵՄ դեսպանը ներկայացրել է, թե ինչ փուլում են Հայաստան-ԵՄ բանակցությունները և ինչ կարելի է սպասել այդ բանակցություններից.«Դրական օրակարգ ունի, փորձում ենք նոր բան կերտել, հարաբերությունների նոր մոդել ձևավորել, և շատ ուրախ եմ, որ քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի ու Հայաստանի միջև զարգանում է: Անցած տարի նախագահ Տուսկը այցելեց Հայաստան, այս տարի ակնկալում ենք Մոգերինիի այցը, որը կազդարարի ԵՄ մեծ պատրաստակամությունը` ձևավորելու լավ, արդյունավետ համագործակցություն Հայաստանի հետ»:

Դեսպանը նշել է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը պետք է դիտարկել «ԵՄ հարևանության նոր քաղաքականության ընդլայնված համատեքստում»: Իսկ հետո կքննարկվեն գործընկերության առաջնահերթությունները, որը, ըստ Պյոտր Սվիտալսկու, քաղաքականապես պարտադիր փաստաթուղթ է ու կներառի այդ համագործակցության քաղաքական օրակարգը:

Շրջանակային համաձայնագիրը, նրա խոսքով, կարևոր է նրանով, որ երկկողմ հարաբերությունների համար իրավական կուռ հիմք է ձևավորելու, որի վրա պետք է կերտվեն քաղաքական երկխոսության ու համագործակցության կոնկրետ քայլեր:

«Մենք քիչ թե շատ գիտենք սկզբնակետը, որը Ասոցացման համաձայնագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու տեքստն է։ Այն բանակցվել էր և հուսով ենք, որ քաղաքական մասը, որ վերաբերում է արժեքներին, ժողովրդավարությանը, անվտանգությանը, կընդունվի առանց փոփոխությունների: Իսկ համաձայնագրի այլ դրույթներ պետք կլինի ճշգրտել, հատկապես՝ առևտրին վերաբերող մասը»,- ասել է դեսպանը և հավելել, որ շարունակում են հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի որոշ դրույթներ, որոնք կդյուրացնեն ԵՄ երկրների կողմից ՀՀ-ում ներդրումների իրականացումը, որոնք կքաջալերեին եվրոպական հանրույթին, որ Հայաստանի հետ առևտուր իրականացնի:

Անդրադառնալով այն հարցին, թե 2016-ին արդյոք ՀՀ-ն մնալու է առանց «Հարևանության քաղաքականության» և ինչպես են կարգավորվելու հարաբերությունները, քանի որ «Գործողությունների ծրագիրն» արդեն 2015-ին ավարտվել է` ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է. «Որևէ ճեղք չի առաջանա»: Սվիտալսկին պնդել է, որ կողմերը կկարողանան մշակել հարուստ և կառուցողական օրակարգ` տարբերակման հիմքի վրա, որը լինելու է գործընկեր պետության առաջնահերթությունների, կարիքների ու առանձնահատկությունների գնահատման հիմքի վրա:

2013-ի սեպտեմբերի 3-ից հետո որոշակի անորոշություն մտավ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, երբ ԵՄ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Որոշ ժամանակ անց Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափը վերամեկնարկեց, իսկ 2015-ի դեկտեմբերի 7-ից սկսվեցին Հայաստան-ԵՄ բանակցությունները` նոր իրավական բազայի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---