Օհանյան. Քիչ հավանական է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, բայց պատրաստ ենք

Օհանյան. Քիչ հավանական է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, բայց պատրաստ ենք

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում: Այս մասին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե որքանով է հավանական պատերազվի վերսկսումը:

«Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիմքում ընկած է քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով հարցի լուծումը գտնելը, որի հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման աշխատանքը և փոխադարձ համաձայնությունները»,- ասե լէ նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ այս աշխատանքի արդյունքում, սակայն, ցավոք, հանդիպում ենք մի վիճակի, երբ մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով վստահության մեխանիզմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախտել հրադադարի կնքված պայմանագիրը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականացնել, դեռ ավելին խախտումների ժամանակ միջազգային հետախուզության միջոցով աշխատանքները մերժում է:

Օհանյանը նշել է, որ սա խոսում է այն մասին, որ հակառակորդը հետևողական լարում է իրավիճակը՝ առաջին հերթին քաղաքական նպատակներ ունենալով իր երկրի ներսում, ինչպես նաև միջազգային ասպարեզում միակողմանի առավելություն ունենալու համար: «Չհասկանալով, որ մենք չենք վախենում, ինչպես և նախագահն է ասել՝ մենք պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, այսինքն՝ պատրաստ ենք մեր երկիրը և մեր երկրի սուրբ մաս հանդիսացող Արցախը պաշտպանել»,- ասել է նա:

Այս իրականության մեջ, ըստ նախարարի, ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Ես այդ պատրաստության գլխավերևում՝ պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ու նրա ենթակա կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում»,- նշել է Օհանյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել, որովհետև ամեն ինչ անում են ազգային և միջազգային երաշխիքների ձևավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումները, բայց եթե լինեն մարտական գործողություններ, Օհանյանի խոսքով, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը:

2016-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է:

Կարդացեք նաև՝ Օհանյանը` զսպիչ մեխանիզմների, զինծառայողների աշխատավարձերի և սպառազինության մասին

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---