Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով է անցկացվել

Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով է անցկացվել

PanARMENIAN.Net - «Ասա ո՛չ ռասիզմին ու ազգայնամոլությանը» (DurDe) թուրքական հարթակը Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով է կազմակերպել, հայտնում է Tert.am-ը «Ակոս»-ի վրա հղումով:

Համաժողովի առաջին նիստում քննարկվել է նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ակտիվիստ Ջուլիդե Թունաքանն իր խոսքում խոսել է ամոթի զգացողությունից, նշել, որ իրենք չեն ճանաչել այն մարդկանց, որոնց հետ կողք կողքի ապրել են, և ամաչում է, որ սկսել է ճանաչել միայն Դինքի սպանությունից հետո։

«Արմեն» որբանոց-ճամբարի քանդման դեմ պայքարող Արև Միրաքյանն իր խոսքում ասել է. «Հույսով դիմադրեցինք, հաղթեցինք։ Հիմա հույսով խաղաղություն ենք ուզում»։

Ֆորումի երկրորդ նիստը կրել է «Ցեղասպանության ժխտումն ու թուրքական պաշտոնական փաստարկները» խորագիրը: Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչներից Բյուլենթ Բիլմեզը, անդրադառնալով ժխտման քաղաքականությանը, ասել է. «Պետությունը երկար ժամանակ անտեսում էր Ցեղասպանության հարցը և այն սկսեց ժխտել միայն ԱՍԱԼԱ-ից հետո»։

Նա նշել է, թե ժխտման քաղաքականության հարցում պետությունն այնքան վստահ է եղել սեփական ժողովրդի վրա, որ ժխտման տեքստերը միշտ «դրսի համար է գրել»: Բիլմեզը նշել է, որ DurDe-ի նման նախաձեռնությունների և Ցեղասպանության հարցն իրենց ծրագրում ներառած կուսակցությունների շնորհիվ այդ ժխտողականությունն սկսել է կոտրվել, սկսել են խոսել այդ մասին։

Վերջին նիստը կրել է «Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը» խորագիրը: «Նոր Զարթոնք» կազմակերպության ներկայացուցիչ Նորայր Օլգարն ասել է.«Հրանտից առաջ այս հողերում ցեղասպանությունից խոսելը կամ իրավունքներ փնտրելն այսքան հեշտ չէր։ «Նոր զարթոնքի» ճանապարհը բացողը Հրանտ Դինքն էր, որը 1996 թվականին հիմնադրեց «Ակօս»-ն ու փորձում էր պատմել, որ այս հողերում հայեր կան, սակայն նրանց փորձում են ջնջել»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---