ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մեր երազանքը չէ, բայց հիմքում փոխզիջումներ են

ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մեր երազանքը չէ, բայց հիմքում փոխզիջումներ են

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը:

Կառավարության ապրիլի 21-ի նիստից հետո լրագրողներին այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Պատասխանելով հարցին, թե ռուսական Իզվեստիյա պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ սեղանին հատուկ փաստաթուղթ կա դրված, փոխարտգործնախարարն ասել է, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է:

«Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է:

Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր», - ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, նա նկատել է, որ բանակցությունների հետ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:

«Ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել»։

Հետևաբար, ըստ փոխնախարարի, ապագայում էլ ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից:

Ապրիլի 21-22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կլինի Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել եբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։

Ապրիլի 19-ին որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ, հայտնում է «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---