ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքն այսուհետ շուրջօրյա ջրամատակարարում կունենա

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքն այսուհետ շուրջօրյա ջրամատակարարում կունենա

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատ մարզի Պարույր Սևակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը և համայնքի բնակիչներ:

Նախիջևանի հետ 15 կմ ընդհանուր սահման ունեցող Պարույր Սևակ համայնքում ապրում է մոտ 580 բնակիչ: Գյուղի ջրամատակարարման համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Բացի քայքայված ու վթարված ջրագծերից, համակարգը չի համապատասխանել նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերի գոտիավորման և կազմակերպման պահանջներին: Ցանցում բացակայել են ջրաչափեր, ինչի պատճառով բաշխման ենթակա ջրաքանակը չի հաշվառվել և ծախսած ջրի դիմաց գումար չի գանձվել՝ համակարգի շահագործման ծախսերն ապահովելու նպատակով: Համայնքում ջրամատակարարում իրականացվել է օրական 2 ժամ, իսկ ամռան ամիսներին՝ այն չի գերազանցել10-15 րոպեն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ 2015թ. Պարույր Սևակ համայնքում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման և ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Մասնավորապես՝ կառուցվել է 1850մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել է դիտահորորով ապահովված 118 ջրաչափական հանգույց և 6 սողնակ:

«Մարզերում ենթակառուցվածքների զարգացումը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ պայման է՝ զարգացման ճանապարհով գնալու համար: Գուցե, տարբեր երկրներին հատուկ օրինաչափություն է դարձել շքեղ մայրաքաղաք կառուցելը: Մեզ համար, սակայն տնտեսական, սոցիալական բևեռացումն արդարացված լինել չի կարող: Ներկայանալի քաղաքների կողքին անհրաժեշտ է ունենալ տարրական պայմաններով ապահովված գյուղեր: Այս ծրագիրը մասամբ լուծում է այդ հարցը: Հաճելի է արձանագրել, որ երկկողմ համագործակցությամբ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել այս համայնքի բնակիչներին և մեր երկրին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համայնքում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 16-ժամյա գրաֆիկով:

Բնակիչների և համայնքի միջև ջրօգտագործման պայմանագրեր ստորագրելուց հետո` համայնքի բնակիչներն ապահովված կլինեն 24-ժամյա սպասարկմամբ: Կատարված աշխատանքների արդյունքում, տնտեսված ջրաքանակի շնորհիվ, հետագայում կիրականացվի նաև համայնքի մյուս բնակավայրի՝ մոտ 180 բնակիչ ունեցող Տիգրանաշենի ջրամատակարարումը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ջրամատակարարման բարելավմանն ուղղված համատեղ նախագծի շրջանակում, 2015-ի ընթացքում շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել նաև Լոռու մարզի Չկալով, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Լոր համայնքները: Համայնքային զարգացման ուղղված համագործակցությունը կշարունակվի նաև 2016 թ.-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---