ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել

ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման կամ բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Երևանում: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ծիծեռնակաբերդում:

«Շինծու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ տարածել պետք չէ: Ասեկոսեների հիման վրա եզրակացություններ անելու իմաստ էլ չկա: Լավրովը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որ կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում, հնարավոր լինի ավելի հարմար նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Լավրովը առաջարկների փաթեթ չի բերել»,– շեշտել է ՀՀ արտգործնախարարը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ այցի շրջանակում չի քննարկվել նաև փոխզիջումների հարցը. «Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցելության ժամանակ, իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին հինգ հայտարարության մեջ, նախագահների մակարդակով՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի հայտնի հայտարարությունները, որոնց հիման վրա, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կարող է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է: Սա է իրականությունը։ Դա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Կարգավորումն այն է, ինչ հայտարարվել էր բազմիցս Հայաստանի նախագահի կողմից»:

Ըստ նրա, Հայաստանը պատրաստ էր բանակցությունների, սակայն Ադրբեջանն անտեսում էր: «Եթե այդ առաջարկները ձեռնատու լինեին Ադրբեջանին, բանակցային գործընթացը փակուղի չէր մտնի և նման գործողություններ չէին լինի, Բաքուն որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն այստեղ էլ պարտվեց»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նա նշել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա: Նախարարը նշել է, որ լայնածավալ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը մեծ վնաս հասցրեց բանակցային գործընթացին:

ԱԳ նախարարը հավելել է, որ համանախագահների և միջազգային հանրության հետ համատեղ հարկավոր է առավելագույն ջանքերը գործադրել, այդ վնասը հաղթահարելու համար: «Դա շատ դժվար կլինի, քանի որ կան զոհեր: Միջազգային հանրությունը փորձում է կարգի հրավիրել Ադրբեջանին և կառուցողական հուն վերադարձնել, շարունակելու համար բանակցությունները, որոնք այլընտրանք չունեն»,-ասել է Նալբանդյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---