ԵԽ պատգամավորը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել

ԵԽ պատգամավորը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Եվրախորհրդարանի պատգամավորը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նարտը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Եվրոպական խորհրդարանը 2015-ի ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---