Նալբանդյան. Ադրբեջանը բազմիցս հետքայլ է արել առաջարկվող փոխզիջումային լուծումներից

Նալբանդյան. Ադրբեջանը բազմիցս հետքայլ է արել առաջարկվող փոխզիջումային լուծումներից

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում անընդհատ աշխատանք էր տարվում փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և կողմերը բազմիցս մոտ են եղել լուծումների, բայց ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ինտերֆաքս» գործակալությանը:

Նրա խոսքերով, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:

«Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարևորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը», - ասել է նա:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

«Համանախագահ երկրները բազմաթիվ անգամներ կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում», - ընդգծել է Նալբանդյանը:

Նա նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների շրջանակում որևէ «Լավրովի փաստաթուղթ» չի քննարկում, նման առաջարկություններ գոյություն չունեն, ինչի մասին բազմիցս ասել է ինքը Լավրովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---