27  26.06.16 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատարագը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղոթակցությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Գարեգին Բ. Ազգերի միջև համերաշխության ամրապնդումը եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է

Գարեգին Բ. Ազգերի միջև համերաշխության ամրապնդումը եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է

PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում ելույթ է ունեցել:

«Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, և մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների և դժվարությունների մեջ, այնպես և հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին», - ասել է նա:

«Այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին», - շեշտել է կաթողիկոսը:

«Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», - նշել է Գարեգին Բ-ն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---