Աբրահամյան-Սվիտալսկի. Քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարը, վիզաների դյուրացումը, ներդրումները, ՀՕ-ն

Աբրահամյան-Սվիտալսկի. Քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարը, վիզաների դյուրացումը,  ներդրումները, ՀՕ-ն

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում:

Նշելով, որ 2016-ի դեկտեմբերին Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երևանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը վարչապետ Աբրահամյանն ընդգծել է.

«Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարևոր գործընթացը: Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագի իրականացումը և հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետևողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաև Պյոտր Սվիտալսկին, Աբրահամյանը նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման հարցից և դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները և այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկինբարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ չնայած մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ և ընդգծել, որ տպավորված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ուղղությամբ տարվող բանակցությունների արդյունքներով և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը նոր լիցք կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Սվիտալսկին կարևորել է մեր երկրի և եվրոպական պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները և ավելացրել, որ քաջալերող ու հուսադրող է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը և այլ հարցերի:

Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաև ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման և ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից: Վարչապետը կարևորել է նաև պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր խնդիր է: Մայիսի 13-ին նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրո ունի՝ օգնելու Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, նկատի չունեմ բաշխված է, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ, և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,-եզրափակել է Սվիտալսկին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---