27 երկրի խորհրդարանական դատապարտել է ապրիլյան պատերազմը

27 երկրի խորհրդարանական դատապարտել է ապրիլյան պատերազմը

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ խորհրդարանականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Այս մասին լրագրողներին տեղեկացրել են վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը և պատվիրակության անդամ Արագած Ախոյանը՝ ներկայացնելով փաստաթղթի մանրամասները:

Նրանք նշել են, որ այն միաձայն ընդունվել է 27 երկրի խորհրդարանականների կողմից.

«Հայաստանն այս վեհաժողովի հիմնադիր անդամներից մեկն է։ Այն գրանցված է ՄԱԿ-ում և այստեղ ընդունված որոշումները գնում են ՄԱԿ և աշխարհի բոլոր խորհրդարաններ։ Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ մեր պատվիրակությունը 2-3 էջանոց մի հայտարարություն տարածեց վեհաժողովի անդամների համար, որտեղ ներկայացվեցին ապրիլյան դեպքերը և թե ինչպիսի ահաբեկչական և անմարդկային վերաբերմունք են դրսևորել մեր հարևանները»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ փաստաթղթով կոչ են արել նաև միջազգային կազմակերպություններին ադեկվատ, հասցեական վերաբերմունք ցուցաբերել կատարվածի վերաբերյալ։

Սա առաջին փորձը չէ, որ արվում է Ուղղափառ խորհրդարանականների վեհաժողովում ապրիլյան դեպքերը դատապարտելու համար։ Հենց պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում ընթանում էր կազմակերպության քարտուղարության նիստը, և Ախոյանի խոսքով՝ այդ ժամանակ արդեն իրենք փորձել են քայլեր ձեռնարկել, գրում է Ա1+-ը:

Ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական վեհաժողովի տարեկան գրքույկում հայկական պատվիրակությանը հաջողվել է մեկ նախադասություն ընդգրկել, որում ասվում է. «Ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության ուժեղացման կապակցությամբ»։

Ախոյանի խոսքով՝ այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ, կարելի է ասել, Ղարաբաղն ընդունվում է որպես առանձին կողմ։

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

Ապրիլին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---