Վրաստանում սկսվել է դեպի ՀՀ գազատարի հիմնանորոգումը` ամենամեծը վերջին 30 տարում

Վրաստանում սկսվել է դեպի ՀՀ գազատարի հիմնանորոգումը` ամենամեծը վերջին 30 տարում

PanARMENIAN.Net - «Ղազախ-Սագուրամո» տարանցիկ գազատարի վրա հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Ռուսական գազի տարանցումը Վրաստանից Հայաստան կվերսկսվի օգոստոսի 10-ին:

2016-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Այդ մասին հայտնել է Վրաստանի գազի փոխադրման ընկերությունը (GGTC), հայտնում է «Բիզնես Գրուզիան»:

GGTC-ում նշել են, որ նման լայնածավալ աշխատանքներ գազատարի վրա չեն իրականացվել վերջին 30 տարում: Մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կիրականացվեն: Վերականգնողական աշխատանքների շրջանակում վերանորոգվելու է նաև Բաքու-Թբիլիսի երկաթուղային անցումի տակի հատվածը:

«Վերանորոգման ընթացքում ռուսական գազի առաքումը Հայաստան դադարեցվել է: Դա համաձայնեցված է ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ հետ»,-ասել են ընկերությունում:

Աշխատանքների ավարտը թույլ կտա կրկնակի անգամ արդյունավետ դարձնել գազամուղի կառավարումն ու անվտանգությունը, ինչպես նաև կրճատել բնական գազի կորուստները:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին:

Մայիսի 30-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է գազի սակագների նվազում նախատեսող որոշումը:Մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146.700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (146 դրամ՝ 1 խմ դիմաց): Խորանարդ մետրի արժեքն, այսպիսով, նվազեցվել է 9.3 դրամով:

10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար սակագինն էժանացել է մոտ $20-ով՝ 1000 խմ դիմաց, $276.98-ից դառնալով $257.56: Այսպիսով, խոշոր սպառողների համար գազն էժանանում է մոտ 20 ցենտով՝ 1 խմ դիմաց: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հունիսի 1-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---