Փոստանջյանը փորձում էր զինված խմբին սնունդ փոխանցել. Ոստիկանները թույլ չեն տվել

Փոստանջյանը փորձում էր զինված խմբին սնունդ փոխանցել. Ոստիկանները թույլ չեն տվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ փոխանցելու հարցով: Նա կոչով դիմել է նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մասնավորապես նշելով՝ «Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաև Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի և հոգևոր սպասավորների պարտականությունն է»:

Փոստանջանի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված դիմումի մեջ, մասնավորապես ասված է.

«Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9:00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն»:

Այս պահին Փոստանջյանը Խորենացի փողոցում է, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս մտնել ՊՊԾ գնդի տարածք: Պատգամավորն այդ մասին տեղյակ է պահել ՀՀ ՄԻՊ-ին:

«Սասնա ծռեր» խմբավորման հետ կապ ունեցող «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հուլիսի 26-ի առավոտյան՝ Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Սարգսյանը ոչ մի վնասվածք չի ստացել և սնունդը տեղ է հասցրել:

Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20:00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում «Սասնա ծռեր» խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։

Ոստիկանության փոխանցմամբ, այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01:00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։

Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---