Վարդան Օսկանյան. Լաչինի միջանցքի հարցը բանակցություններին չի քննարկվել

PanARMENIAN.Net - Վերջապես հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն, ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են մի տեքստ, որը շատ խելամիտ է, եւ որովհետեւ մենք համաձայնության ենք եկել տարբեր վիճելի կետերով. «Այդ փաստաթուղթը համաձայնության իրական հնարավորություն է առաջարկում»: Խոսելով, թե որքան մոտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է. «Մոտ» ասվածը հարաբերական է: Ես ասում եմ, որ եթե համեմատենք այս տեքստը նախորդի հետ, ապա մենք մոտեցել ենք կարգավորմանը: Սակայն մենք դեռ շարունակում ենք բանակցություններ վարել դրա սկզբունքների վերաբերյալ»:



Նա նշել է, որ Լաչինի միջանցքի հարցը չի քննարկվել: «Միջանցքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ազատ եւ անխոչընդոտ հաղորդակցության երաշխիքն է: Բայց այն պետք է դիտարկվի որպես Լեռնային Ղարաբաղի հատված: Ադրբեջանական կողմը վերջերս փորձում էր առաջ քաշել դրա ընդհանուր օգտագործման գաղափարը: Սակայն դա երբեք չի եղել բանակցությունների առարկա: Միջազգային միջնորդները եւս անմիջապես մերժել են այդ նոր գաղափարը»,- ընդգծել է Օսկանյանը:



Հայաստանի Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ, քանի որ ձգտում էր աստճանական կարգավորման: «Նա պատրաստ էր վերադարձնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակ որոշման: Հայաստանի հանրության համար դա անընդունելի էր: Այսօր տարբերությունը կայանում է նրանում, որ բոլոր վիճելի կետերը հանդիսանում են համաձայնագրի մաս, նույնիսկ եթե դրա իրագործումը կատարվի փուլային եղանակով»,- ասել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---