19 օգոստոսի 2016 - 12:54 AMT
Արայիկ Խանդոյանն ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ-ականը պատրաստ է հանել թեկնածությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում, հայտնում է Aysor.am-ը:

Իր փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով տարածած հայտարարության մեջ Խանդոյանն ասել է. «Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է իմ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին: Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանություններն ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:

Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ: Գործող իշխանությունները, որոնց գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունեն ղեկավարելու Ազատ, Անկախ և ժողովրդավար Հայաստանը»:

Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։

Մինչդեռ ԲՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ եթե «Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանն իր թեկնածությունը կհանի:

Ծաղկահովիտում ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 18-ին: Առաջադրումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ին։

Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):