Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակել է 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ դատավճիռը, հայտնում է Yerkir.am-ը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Մեղադրող դատախազը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել, Պերմյակովն ընդունել էր առաջադրված մեղադրանքը և հայտնել, որ զղջում է:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):

2015-ի օգոստոսի 12-ին էլ Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորայինն ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---