Թումո Ստեփանակերտը 1 տարեկան է. Ավելի քան 1000 պատանի է սովորում կենտրոնում

Թումո Ստեփանակերտը 1 տարեկան է. Ավելի քան 1000 պատանի է սովորում կենտրոնում

PanARMENIAN.Net - Արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտում գործում է թվով չորրորդ Թումո կենտրոնը: Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 17:00-ից կանցկացվի բացօթյա միջոցառում՝ «Թումոկերտը»:

Այցելուները կկարողանան ծանոթանալ թումոցիների կատարած աշխատանքներին, ռոբոտների ֆուտբոլ խաղալ, Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ, վայելել Թումոյի Pyramidz խմբի DJing-ը, նկարահանվել ֆոտո և gif տաղավարներում, ստանալ «Թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ:

Մեկ տարվա ընթացքում ՝ Թումո Ստեփանակերտի բացումից ի վեր, ԼՂՀ-ի ավելի քան 1.000 պատանի անցել է կենտրոնի դռներով:

Տարվա ընթացքում կենտրոնում անցկացվել է 22 դասընթաց՝ սկսած անիմացիայից մինչ ծրագրավորում: Ոլորտի առաջատար մասնագետների վարած 7 աշխատարանի ընթացքում պատանիները սովորեցին լուսանկարել իրենց շրջապատը իտալացի լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի հետ, ծրագրավորել ռոբոտներ Թումոյի իսպանացի ընկեր Ջուզեպ Ֆարգասի օգնությամբ, ստեղծել Արցախի մասին պատմող կայք Zoom Graphics-ի Սամվել Չոբանյանի և Մոնթե Հակոբջանյանի հետ, փաստագրել իրենց հայրենիքը ԱՄՆ-ից եկած լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանի հետ, փորձարկումներ անել երգերի խոսքերի, ժանրերի և հայկական ժողովրդական երաժշտության հետ Collectif Medz Bazar-ի ֆրանսիահայ երաժիշտ Սևանա Չագրյանի առաջնորդությամբ, Արցախի բոլոր հետաքրքիր փաստերը հավաքել ինֆոգրաֆիկաների մեջ գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանի օգնությամբ ու քանդել թվային մեդիաների հարթակում պատմություններ ստեղծելու սահմանները Esquire Ռուսաստանի խմբագիր Գրիգոր Աթանեսյանի ու Blueprint հանդեսի արտ տնօրեն Ջինա Օնեգինայի հետ:

Կենտրոնը բաց էր մնացել ապրիլյան ռազմական սրացման ընթացքում, ու մասամբ վերափոխվել էր լրագրողների համար նախատեսված մեդիա անկյան: Չնայած դժվարին իրավիճակին, Թումո ուսանողները կենտրոնացած էին իրենց ապագայի ու կրթության վրա:

Կենտրոնի միամյակի առիթով Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ասել է. «Ինձ հարցնում էին՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, արդյոք լա՞վ ժամանակ է Ստեփանակերտում Թումո բացելու համար: Իմ պատասխանն է՝ հիմա լավագույն ժամանակն է: Մեր ուսանողները պիտի օգտագործեն սովորական առօրյա ունենալու, իրենց ու իրենց հայրենիքի պայծառ ապագայի վրա կենտրոնանալու յուրաքանչյուր հնարավորություն:

Արցախը ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է վերջին տասնամյակների զարգացումներով: Մենք հավատում ենք՝ այն ունի մեծ ապագա, ու բաց չենք թողնում այդ ապագայի մի մասը լինելու հնարավորությունը»:

Թումո Ստեփանակերտի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը համաձայն է՝ «Այս կարևոր հանգրվանին հասնելը մեծ հույս է ներշնչում: Ես շատ հպարտ եմ մեր թիմով ու ուսանողներով»:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտություններ: Առաջին Թումո կենտրոնը բացվել է 2011 թ. Երևանում, որից հետո՝ 2013թ., կենտրոն է բացվել նաև Դիլիջանում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ: 2015-ին ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ կենտրոններ են բացվել նաև Գյումրիում և Ստեփանակերտում՝ ընդլայնելով Թումոյի առաքելությունը Հայաստանի այլ տարածքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---