ԱԳՆ պատասխանը Լավրովին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների

ԱԳՆ պատասխանը Լավրովին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին: ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Երևանի սկզբունքային դիրքորոշումն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների, հայտնում է «Ազատություւն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը որոշեց կարևորել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այն որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային կլինի առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործում»:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար որքանով է ընդունելի Լավրովի մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ` արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել է.«Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել», - հավելել է Բալայանը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---