Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ՝ սահմանամերձ Բերդավանում

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ՝ սահմանամերձ Բերդավանում

PanARMENIAN.Net - Արդիական էներգախնայող համակարգի հիման վրա գործող՝ արտաքին լուսավորությունը հասանելի դարձավ Տավուշի մարզի Բերդավան գյուղի համար: Սահմանամերձ գյուղի 5,425մ երկարությամբ տարածքն այսուհետ ապահովված է 175 LED լուսարձակներով:

Բերդավանը թվով 15-րդ գյուղն է, և առաջինը՝ Տավուշի մարզում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ներդրվում է շրջակա միջավայրի ու հանրային առողջության համար անվտանգ արդիական ու էներգախնայող LED համակարգ:

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բերդավանում իրականացված ծրագիրը հանրային ու մասնավոր սեկտորների, ու նաև համայնքի միջև համագործակցության արդյունք է: Այսպես, մոնտաժման լայնածավալ աշխատանքներն իրականացվել են համայնքի ուժերով:

Նախկինում, էներգախնայողության նպատակով, այս համայքնում տեղադրել են էկոնոմ լամպերով աշխատող լուսարձակներ: Արդյունքը, սակայն, գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Տարեկան կտրվածքով, լուսարձակների մոտ 50 տոկոսն էլ շարքից դուրս էր եկել՝ առաջացնելով դրանք նորերով փոխարինելու՝ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական բոլոր փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Ի հավելումն նոր համակարգի գործարկմամբ լուսավորված մոտ 5,425մ երկարությամբ տարածքի, ապամոնտաժված նախկին լուսարձակներն օգտագործելու շնորհիվ լուսավորվել է ևս 4 փողոց։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմնամերձ գյուղերի պարագայում:

Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:

Համակարգի գործարկմանը մասնակցել են FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:

«Մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին աջակցել երկարաժամկետ ծրագրերով: Մեկանգամյա աջակցությունը չի կարող թեթևացնել նրանց սոցիալական բեռը, մինչդեռ տնտեսական ներկա իրավիճակում՝ դա կարևոր է: Տնտեսված գումարներն, անկախ հավաքագրման չափից, կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների լուծմանը՝ թեթևացնելով համայնքի սոցիալական բեռը: Զուգահեռաբար, այսօրինակ ծրագրերով կփոխվի հասարակության սպառողական մոտեցումը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն քաղաքակիրթ մշակույթի ձևավորման համար, այլև բնապահպանական տեսանկյունից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»