Յիրիկյան. Բջջային օպերատորները Skype-ի ու Viber-ի պատճառով վնասներ են կրում

Յիրիկյան. Բջջային օպերատորները Skype-ի ու Viber-ի պատճառով վնասներ են կրում

PanARMENIAN.Net - OTT ծառայությունների հավելվածները զգալի նվազեցրել են ձայնային ծառայությունների օգտագործման ծավալները: Այս մասին հայտնել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը:

OTT ծառայություններ են Skype-ը, Viber-ը, Facebook-ը, WhatsApp-ը: Օգտագործելով գործող ցանցերի հնարավորությունները՝ այդ ծառայությունները ոչինչ չեն վճարում դրա համար:

Մարտիրոսյանը փետրվարի 7-ին այցելել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն. այցի նպատակը ընկերության ծրագրերին ծանոթանալն ու ոլորտի խնդիրները լսելն էր:

Նշվել է, որ մարդիկ գերադասում են մատչելի ինտերնետից օգտվելով զանգեր կատարել ու հաղորդագրություններ ուղարկել Skype-ով կամ Viber-ով, քան օգտվել GSM ծառայություններից:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենի խոսքով` այդ հավելվածներն օգտվում են օպերատորների ենթակառուցվածքներից` առանց որևէ եկամուտ բերելու պետությանը կամ օպերատորին: Յիրիկյանը կանխատեսել է, որ շուտով այդ գործընթացը կբերի եկամուտների խիստ նվազման, այն աստիճան, որ օպերատորները կպակասեցնեն ներդրումները:

Նախարարն ընդգծել է, որ այդ իրավիճակն ամբողջ աշխարհում է: Հեռահաղորդակցության օպերատորներին մնում է նոր տեխնոլոգիաներ ներդնել, որոնք էլ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն կտան:

Ընկերության տնօրեն Յիրիկյանի խոսքով` հեռահաղորդակցության ոլորտում խնդրահարույց շրջան է բոլոր օպերատորների համար. խնդիրները ոչ թե մրցակցային դաշտում են, այլ՝ ռազմավարական:

Յիրիկյանը խոսել է նաև հաճախականությունների համար արվող պետական վճարների մասին: Նրա պնդմամբ` եկամուտների կրճատման ֆոնին դրանք զգալի ֆինանսական բեռ են դարձել:

Նախարարն էլ նկատել է, որ հաճախականություններն անսպառ ռեսուրսներ չեն, և առաջնայինը ոչ թե շահագործման սակագնի վերանայումը, այլ դրանք հնարավորին խնայողաբար օգտագործելն է:

Յիրիկյանը նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայում ամենաքիչ հաճախականություններ օգտագործող օպերատորն է:

Վահան Մարտիրոսյանը բարձրացրել է նաև ռոումինգի սակագների հարցը: Նա նշել է, որ Ռուսաստանում կապի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՄ տարածքում ռոումինգի ծառայությունների սակագնին վերաբերող հարցեր:

Ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը նշել է, որ քննարկումների առաջին փուլում ռոումինգի սակագների որոշակի նվազեցում արվել է, բայց քանի որ ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունները տարբեր են, միևնույն մոտեցումը կիրառելը կարող է հանգեցնել շահերի բախման:

Նախարարը հայտնել է, որ ԵՏՄ անդամ երկրների համար քննարկվում են նաև ազգային արժույթով փոխհաշվարկներ կատարելու հնարավորությունները:

Մարտիրոսյանն առաջարկել է, որպեսզի այս թեմայով ևս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վերլուծություն անի ու տեսակետ ներկայացնի դրա շահավետության վերաբերյալ:

Նախարարը նախատեսում է այցելություններ նաև հեռահաղորդակցության շուկայում գործող այլ ընկերություններ` ոլորտի մարտահրավերներին արձագանքելու նպատակով քայլեր ձեռնարկելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---