«Ավրորան» 5 երկրի ուսանողներին $1 մլն-ի կրթաթոշակներ կտրամադրի՝ ՀՀ Ամերիկյան համալսարանում ուսանելու համար17 մարտի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է: Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետևյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ համակարգչային գիտություն, ճարտարագիտություն և տվյալների գիտություն (սկսած 2018թ.), և մագիստրատուրայում՝ արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչի և տեղեկույթի գիտություն, տնտեսագիտություն, ռազմավարական կառավարում, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, և անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում: «Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, և մենք խրախուսում ենք Մերձավոր Արևելքի երկրներից երիտասարդներին գալ և կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը և կստանան որակյալ կրթություն, այլև կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի և դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլև իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին և օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը՝ Scholae Mundi Armenia հիմնադրամի համահիմնադիրը: «Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, և մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլև Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը և կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը և մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթևան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», - ասել է Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը: Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ամբողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Scholae Mundi Armenia հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչև 2023թ.: Scholae Mundi Armenia հիմնադրամը շարունակում է աջակցել «Ավրորա» երախտագիտության նախագծերին, որոնք մարդասիրական և կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու Մերձավոր Արևելքի երկրների երեխաներին, փախստականներին և խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ և կրթաթոշակներ, ինչպես նաև դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին և բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: «Ավրորա» երախտագիտության նախագծերի կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան): Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ համալսարան է, որը գտնվում է Երևանում: Հիմնադրված 1991թ.՝ համալսարանը Կալիֆորնիայի համալսարանի համագործակից է: Հայաստանի ամերիկյան համալսարանն ուսուցման, հետազոտության և հանրային ծառայությունների միջոցով ծառայում է Հայաստանին և տարածաշրջանին՝ ապահովելով բարձրորակ կրթություն՝ մագիստրոսկան և բակալավրիատի ծրագրերով: Այն խրախուսում է հանրային ակտիվ մասնակցությունը և նպաստում է ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |