ԵՄ. Մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի մասին պնդումները

ԵՄ. Մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի մասին պնդումները

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք տեղյակ ենք և մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն և կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները: Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն և առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին:

«Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:

Մենք հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը և կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ և որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնությունները, որոնց միջոցով Հայաստանի գրեթե բոլոր 2009 տեղամասում կապահովվի դիտորդական ներկայություն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրությունների անցկացման վերաբերյալ հավասարակշռված և օբյեկտիվ վերլուծություններ», - ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---