Հայոց ցեղասպանության մասին նոր վկայություններ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հիմնահարցերով զբաղվող տարբեր հետազոտողների հետեւողական աշխատանքի արդյունքում զանազան երկրների պետական արխիվներից եւ մասնավոր հավաքածուներից հայտնաբերվել են Հայոց ցեղասպանության թեմային առնչվող նոր լուսանկարներ եւ փաստաթղթեր, հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունը: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ավստրիացի զինվորական Վիկտոր Փիչմանի կողմից արված լուսանկարները, ով 1914 թ.-ից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը եղել է Թուրքիայում: Ծառայել է սկզբում թուրքական, ապա ավստրիական եւ գերմանական բանակներում: Էրզրումում պատրաստել է թուրքական լեռնահրաձգային զորամիավորումներ, իսկ գերմանական գլխավոր շտաբի համար պատրաստել է Առաջավոր Ասիայի ռազմական քարտեզը: Էրզրումում գտնվելու ժամանակ Վ. Փիչմանն ականատես է եղել Օսմանյան կառավարության կողմից իրականացրած հայկական կոտորածներին: Փիչմանի կողմից արված լուսանկարներում պատկերված են Էրզրումի հայերի տեղահանության տեսարաններ: Այս լուսանկարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է տրամադրել ավստրաբնակ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր Արտեմ Օհանջանյանը:



Նոր լուսանկարներ են հայտնաբերվել նաեւ գերմանական Դոյչե բանկի արխիվում, ինչպես նաեւ նվիրատվությունների տեսքով հանձնվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերին: Այս ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է ցեղասպանությունը վերապրածների կողմից գրառված տասնյակ անտիպ հուշերով: Հայկական կոտորածների մասին բացառիկ տեղեկություններ է պարունակում Օսմանյան կայսրությունում Շվեդիայի դեսպանատան ռազմական կցորդ Էրիկ աֆ Վիրսենի «Հիշողություններ խաղաղության եւ պատերազմի մասին» հուշագրությունը, որի գլուխներից մեկը վերնագրված է որպես «Մի ազգի սպանություն», ուր հեղինակը նկարագրում է 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը` հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը: Հեղինակն ականատես է եղել Եփրատի շրջանում հայերի մասսայական թաղումներին, ինչպես նաեւ անմիջական շփում է ունեցել ջարդերին ականատես դարձած օտարազգի դիվանագետների հետ: Վիրսենը գրում է. «Սպանություններն իրականացվում էին այնպիսի եղանակներով, ինչպիսիք մարդկությունը չէր տեսել միջնադարից ի վեր»:



Վիրսենը տարբեր հյուպատոսներից տեղեկացել է, որ թուրքական ժանդարմները արտասահմանյան դիվանագետների տներ ներխուժելով գնդակահարում էին վերջիններիս հայազգի ծառաներին: Շվեդացի դիվանագետը նկատում է, որ գերմանացիներին դժվար է ազատել պատասխանատվությունից, քանզի նրանք չկանխեցին արյունահեղությունը, միաժամանակ նշելով, որ որոշ գերմանացի սպաներ թուրքական կառավարությանը հետ են հանձնել իրենց տրված պարգեւներն ու մեդալները այն պատճառաբանությամբ, որ նման դաժանություններ իրականացնող կառավարությունից չեն կարող ընդունել որեւէ պարգեւ: «Ես միանում եմ գեներալ ֆոն Լոսսովի խոսքերին, ով, երես առ երես ինձ ասաց, որ հայերի ջարդերը համաշխարհային պատմության ամենասարսափելի գազանությունն են», - գրում է Է. Վիրսենը:



Այս աշխատանքը որպես սկզբնաղբյուր արժեքավոր է նրանով, որ այն գրվել է պատերազմի ժամանակ չեզոքություն պահպանած երկրի` Շվեդիայի ներկայացուցչի կողմից, որտեղ երկիցս հաստատվում են ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները: Վիրսենն ամփոփելով վերոհիշյալ գլուխը գրում է. «Մինչ օրս իմ առջեւ Թալեաթի դեմքի ցինիկ արտահայտություն է, երբ նա ասաց` «հայկական հարցը» այլեւս գոյություն չունի»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---