Կարապետյան-Ջանելիձե. Քննարկման առանցքում՝ տնտեսական կապերի ակտիվացում, ՀՀ-ում Վրաստանի բիզնես օրերի անցկացում

Կարապետյան-Ջանելիձե. Քննարկման առանցքում՝ տնտեսական կապերի ակտիվացում, ՀՀ-ում Վրաստանի բիզնես օրերի անցկացում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Զրուցակիցները զրուցել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին:

Կարապետյանը և Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:

Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարապետյանը հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:

Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:

Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում:

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:

Ավելի վաղ ապրիլի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերը՝ այդ համատեքստում կարևորելով Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Քննարկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, որն այսօր ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։

Զրույցի ընթացքում արծարծվեցին նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---