Մինասյան. ՊՆ նախագծերի հնարավորություններն ու վտանգները կպարզվեն քննարկումների ընթացքում

Մինասյան. ՊՆ նախագծերի հնարավորություններն ու վտանգները կպարզվեն քննարկումների ընթացքում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ կողմից ներկայացված, զորակոչին վերաբերող երկու նոր նախագծի նպատակահարմարությունն ու հնարավոր վտանգները պարզ կդառնան հանրային, փորձագիտական քննարկումների ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Իսկ «Ես եմ» ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

«Պաշտպանության նախարարի ասածների մեջ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ինքն ի սկզբանե նշեց, որ խոսքը գնում է միայն հասարակական քննարկման մեկնարկի մասին: Երկու գաղափարի մասով էլ այստեղ կան մասնագիտական, տեխնիկական նրբություններ, բայց քանի որ խոսքը գնում է միայն նախագծերի մասին, մենք բոլոր մանրուքներին դեռ ծանոթ չենք:

Ողջունելի է, որ առաջարկվում է սկսել փորձագիտական և հասարակական, քաղաքական տարբեր ուժերի մակարդակով քննարկում, որի արդյունքում ավելի հստակ կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ինչքանով է նպատակահարմար և ինչ հնարավորություններ կամ վտանգներ կան այստեղ: Այս մոտեցումը չի առաջարկում մեկ լուծում և ստիպում ընդունել, այլ առաջարկում է փորձագիտական, ռազմաքաղաքական քննարկում: Իսկ ցանկացած գաղափար կարելի է կամ աղավաղել, կամ չափազանց լավ մոտեցումով, գեղեցիկ ձևավորումով ընկալել, բայց առանց դրա իմաստը, նշանակությունը հասկանալով», - ասաց Մինասյանը:

Միաժամանակ փորձագետը նկատեց. «Այս երկու նախագծի մեջ ռազմական առումով նրբություններ կան, օրինակ, տարբեր ստորաբաժանումների մարտական որակը կարող է տարբեր լինել, և արդյոք դա ինչ-որ ձևով կանդրադառնա մասշտաբային ռազմական վտանգի դեպքում: Կամ, օրինակ, ուսանողների մասով այդ առաջարկի մեջ զգացվում է նախկին սովետական ժամանակվա ռազմական կաֆեդրաների վերականգնման գաղափար: Դա աշխատել է սովետական միության դեպքում, դետալների ներկայացման, քննարկման ընթացքում կնայենք՝ արդյոք դա գործող կլինի, թե ոչ»:

Նրա խոսքով, ներկայացված նախագծերը դեռևս միայն գաղափարային են. «Ռազմական, անվտանգության ոլորտը շատ լուրջ, իրավամերժ ոլորտ է, առանց դետալների իմացության պարզապես մասնագիտական չէ դրա մասին խոսելը»:

Անդրադառնալով միջազգային փորձին, Միասյանը նշեց, որ հասարակությունում քննարկվում է Շվեյցարիայի, Իսրայելի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում 90-ականների փորձը, սակայն բոլոր հաջող տարբերակները ՀՀ համար պատրաստի մոդել չեն, քանի որ այլ երկրներում դրանք պատմականորեն են ձևավորվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---