«Ավրորա» մրցանակի 5 հավակնորդի անունը հայտնի է

«Ավրորա» մրցանակի 5 հավակնորդի անունը հայտնի է

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին մրցանակի հինգ հավակնորդին, որոնց ընտրել է միջազգային հանձնաժողովը:

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման՝ մայր և դուստր Սոմալիից, մարդու իրավունքների և խաղաղության համար են պայքարում՝ զբաղվելով երեխա զինվորականների վերականգնողական գործով:

Ջամիլա Աֆղանին Աֆղանստանից զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ:

Նա «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար է, իր նախագծերում ներգրավում է նաև մահմեդական առաջնորդներին:

Մուհամադ Դարվիշը 26-ամյա դաշտային հիվանդանոցի բժիշկ է Սիրիայի Մադայա քաղաքում, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին։ Բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

Դենիս Մուկվեգեն օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։ Նա գինեկելոգ-վիրաբույժ է և Փանզի հիվանդանոցի հիմնադիր (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն):

Թոմ Քաթինա՝ վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, տարիներ շարունակ միակ վիրաբույժն է Սոմալիի Նուբա լեռներում։ Իրականացնում է 1 տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում օրական ավելի քան 400 հիվանդի:

«Այս տարի նոր մասնակիցներ, նոր կազմակերպություններ եք տեսնելու, շատ տարբեր ու հետաքրքիր մարդիկ են լինելու։ Մեր երազանքն է, որ ձեզ համար հետաքրքիր լինեն ոչ թե մենք, ոչ թե Քլունին, այլ այս հինգ մարդը, որոնք առաջադրված են: Իրենք են իրական աստղերը։ Մենք կամաց-կամաց ուզում ենք հասկանալ, որ լուրջ խնդիրների, արժեքների մասին ենք խոսելու։ Պատմությունների մասին և այն մասին, թե հասարակ մարդիկ ինչ կարող են անել։ Պետք է հասկանանք, որ կարևորը հերոսներն են ու մարդիկ նրանց շուրջը», - ասել է Վարդանյանը:

Նուբար Աֆեյանը տեղեկացրել է, որ Ջորջ Քլունիի մասնակցությունը «Ավրորա» մրցանակաբաշխությանը դեռևս հաստատված չէ և կախված է ընտանեկան հանգամանքներից:

«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումներն այս տարի տևելու են հինգ շաբաթ՝ ապրիլի 24-ից մայիսի 28-ը։ Աֆեյանի պարզաբանմամբ, երկու ամսաթիվն էլ պատահական չեն և խորհրդանշական են․

«Սա ցույց է տալիս հայերի անցած ճանապարհը՝ մահից կյանք, մթից լույս, ցեղասպանությունից դեպի անկախություն, մահից դեպի վերապրում»։

Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---