Նախարար․ Պատժիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի առնվազն 8 զոհ

Նախարար․ Պատժիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի առնվազն 8 զոհ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից հունիսի 16-17-ին ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո անցած 10 օրվա ընթացքում հակառակորդն ունի հաստատված առնվազն 8 զոհ։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ չհաստատված կորուստների թիվը շատ ավելի մեծ է, երբ հայկական կողմը գիտի, որ պատժիչ գործողությունն արդյունավետ կատարվել է, ունի դիտարկվող արդյունք, բայց չունի համապատասխան ապացույցներ։

«Այդ 8 զոհից դեռևս ոչ մեկը մեր տվյալներով հուղարկավորված չէ։ Ադրբեջանական մամուլում այդ մասին որեւէ լուր մինչ օրս չկա։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր հակառակորդի մասին»,- հավելեց նախարարը։

Հունիսի 16-17-ին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախի բանակի չորս զինծառայող էր զոհվել։

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը՝ նախարարը նշեց, որ գրեթե համոզված է, որ նման պատերազմ պետք է որ չսկսվի, որովհետև նման պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել։

«Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով։ Կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս թե իր տնտեսության, թե պետության համար։ Սակայն դա չի բացառում տարբեր սադրանքների, էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները։ Ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում նման որոշումները շատ ավելի հեշտ են կայացվում։ Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք»,- եզրափակեց Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---