Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կասկածում են փոխզիջման հասնելու անհրաժեշտության հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարյան այցելությունը հակամարտության գոտի, որը ներառում է նաեւ սերտ շփում չճանաչված ԼՂՀ իշխանությունների հետ, լավատեսական հայտարարությունների նոր մասնաբաժին բերեց, որոնք համընկան Երեւանի եւ Բաքվի միջեւ «սիրալիրությունների» փոխանակմամբ առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնի վրա: Այդ մասին գրում է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Սակայն, նրա կարծիքով, այդ այցը եւս, ինչպես նախորդները, ցույց տվեց, որ երկու պետությունների նախագահները յուրովի են մեկնաբանում «Հիմնարար սկզբունքները» եւ կասկածներ ունեն փոխզիջման հասնելու անհրաժեշտության հարցում: «Այսօր հայտնի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները յուրովի են մեկնաբանում փաստաթղթի Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման նպատակի մասին դրույթը: Երեւանի համար դա քայլ է դեպի ղարաբաղցի հայերի ինքնորոշումը, այսինքն օրինականացման գործիք, իսկ ըստ Ադրբեջանի Սահմանադրության այս կամ այն հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացվի հանրապետության ողջ տարածքում, այլ ոչ թե առանձին տարածքում: Կողմերը կրկին, ինչպես նախկինում, վիճում են թե ինչn է ավելի կարեւոր` տարածքային ամբողջականությունը թե ազգերի ինքնորոշման իրավունքը»,-նշում է ռուս քաղաքագետը:



Նրա խոսքերով, այդ դեպքում անտեսվում է այն ակնհայտ հանգամանքը, որ երկու վերոնշյալ սկզբունքներն էլ նույն կերպ են ընդունվում միջազգային իրավունքում: «Այս սկզբունքների ստորադասում գոյություն չունի: Ի դեպ, դա չի խանգարում Բաքվին եւ Երեւանին ինքնուրույն, իրենց ճաշակով հաստատել այդ ստորադասումը: 1975 թվականի Հելսինկյան ակտը, որին այդչափ սիրում են հղում անել բոլոր հակամարտող կողմերը, ենթադրում է վիճարկվող խնդրի ցանկացած լուծում (եւ ինքնորոշում, եւ երկրի միասնության պահպանում), միայն ուժի կիրառումից հրաժարվելու դեպքում: Հենց վերջին բառակապակցությունն է այսօր ջանադրաբար դուրս մղվում բանակցային գործընթացի քաղաքական բառարանից: Բաքուն փորձում է բացարձակ արժեքի վերածել պետության տարածքային ամբողջականությունը, անտեսելով այն փաստը, որ այդ նպատակը հնարավոր է միայն բանակցությունների հիման վրա, առանց ռազմական միջոցների: Իսկ Երեւանը հղում է անում բացառապես էթնիկ ինքնորոշման վրա եւ «Կոսովոյի նախադեպին»: Այդպիսով, ուժը` ներառյալ եւ ռազմական ուժը, մինչ այժմ դուրս չի մղված ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարների քննարկումից: Եվ քանի դեռ միջնորդները ցանկալին (արագ առաջընթաց մինչեւ տարեվերջ) որպես իրողություն են ներկայացնում, կողմերը գերադասում են «վառոդը չոր պահել»: Քանի դեռ փոխզիջման որոնումը չի դարձել պրագմատիկ եւ շահավետ գործ, այլ ոչ թե վերացական աբստրակցիա, խաղաղ բանակցությունների բարդ գործը տեղից չի շարժվի»,-ընդգծում է Մարկեդոնովը, գրում է Պոլիտկոմը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---