«ՏաԹևեր» ճոպանուղին 8 ամսում 100.000 ուղևոր է սպասարկել

«ՏաԹևեր» ճոպանուղին 8 ամսում 100.000 ուղևոր է սպասարկել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է 100.000-րդ ուղևորին: Հաջողակը երևանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, որը Տաթև էր այցելել ընտանիքի հետ։

«Տաթևի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան է հանձնել 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաև նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹևեր» հյուրատան, «Տաթևի տուր» երթուղու և «Տաթևատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղևորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։

Գործարկումից մինչև օրս ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600.000 ուղևորի, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը։

Ճոպանուղու գործարկումը և «Տաթևի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Գորիսում բացվել է ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում է մոտ 200 մարդ։

«Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթևի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և տեղական համայնքների զարգացմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---