Արամ Ա. Հայաստանը պարպվում է, սփյուռքը մաշվում

Արամ Ա. Հայաստանը պարպվում է, սփյուռքը մաշվում

PanARMENIAN.Net - Իրապաշտ ու անկեղծ լինելով, պետք է փաստել, որ Հայաստանը պարպվում է, սփյուռքը` մաշվում: Այսպիսի հայտարարություն է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Երևանում աշխատանքը մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում: Նա նշել է, որ այս վտանգավոր իրականության դիմաց պատահական նախաձեռնություններ չեն կարող լուծել մեր խնդիրները:

«ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտաճանաչումը ճիշտ կատարել, համապատասխան միջոցները ճշտել»,-ասել է կաթողիկոսը:

Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դուրս բերել պատահական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից ու այն դարձնել ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը՝ ամբողջական Հայաստանի տեսլականն ունենալով որպես ազքային գաղափարախոսության հիմքն ու տեսլականը:

«Շրջափակման մեջ ՀՀ-ն պատերազմի մնայուն վտանգի դիմաց է: Հայաստանի անվտանգությունն առաջնային վտանգ է, ու այդ վտանգի լուծումներից մեկը պահանջում է ժողովրդի ամուր կապվածությունը Հայաստանին: Հայրենիքը հող ու ժողովուրդ է պետություն ու տնտեսություն լինելուց առաջ: Հավատարմությունը հայրենիքին վեր է տնտեսական ներդրումներից ու այլ տեսակ նկատառումներից: Անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու ու ՀՀ բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցներ, եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն տեմերով կշարունակվի դառնալով բոլոր խնդիրները սնուցոսղ պատճառ»,-ասել է Արամ Առաջինը:

Նա նշել է նաև, որ այդ թեմաներով խոսելը հեշտ է, քննադատելը հեշտ է, բարդ է խնդրի լուծումը գտնել: Ըստ կաթողիկոսի, սփյուռքը, պատահական ներդրումներից բացի, պիտի շարունակական ծրագրերով մասնակից դառնա ՀՀ տնտեսության աճին, դրա ներուժը պիտի արդյունավետ օգտագործվի:

Արամաը Առաջինը հավելել է, սակայն, որ sփյուռքի դերը սոսկ բիզնես անել չէ: «Սփյուռքը հարուստ փորձառություն է, պահանջատիրական ոգով շաղախված մարտունակ երիտասարդություն, բազմաթիվ կարողություններով օժտված հսկա շտեմարան, ամբողջական հայության անբաժանելի մաս: Պետք է մտածել սփյուռքի փորձագետներին Հայաստանի կառավարման կառույցներում ներգրավելու մասին»,-ասել է վեհափառը:

Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ հզոր Հայսաստանը, ամուր Արցախն ու կազմակերպ Սփյուռքը պետք է դառնան հայ ժողովրդի ազգային քաղաքականության ռազմավարական ու մարտավարական ուղեցույցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---