Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը

Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը

PanARMENIAN.Net - «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։

Շարմազանովը հայտարարել է, որ 3 կարևոր հարցի շուրջ են խոսել։ «Տղաներն առաջարկում են կլոր սեղան, մենք պատրաստ ենք իրականացնել կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը՝ և՛ մեր տղաների կողմից առաջարկված գիտնականները, և՛ դասախոսները ներկա են լինելու։ Քննարկելու ենք կրթության հանձնաժողովում, կլինեն կլոր սեղան լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե՛ տարկետման խնդիրը, թե՛ ուսանողության խնդիրները, թե՛ կրթության խնդիրը, բազում խնդիրներ։ Այդ ամենը լինելու է հրապարակային։ Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քաղաքացու և ուսանողի ձայնը, մնացածն ինչ ընթացքով կգնա՝ ամսի 22-ին կերևա», - ասել է Շարմազանովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դավիթ Պետրոսյանն էլ հայտարարել է. «Մենք փորձում ենք հնարավորինս լինել կառուցողական։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեզ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։ Ինչ կլինի կլոր սեղանից հետո՝ կլինի կլոր սեղանից հետո»։

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով և կիսելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ մի խումբ գիտաշխատողներ և դասախոսներ բաց նամակ են հրապարակել:

Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---