Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը վերջնական ընդունվել է

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը վերջնական ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ է քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 12 պատգամավոր, ձեռնպահ՝ 8 պատգամավվոր:

Օրենքը նախատեսում է հոգեբանական և իրավական աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ ապաստան ընտանիքի ծեծից ու հալածանքներից տառապող անդամներին: Առաջարկվում են նաև ագրեսորի և նրա զոհերի (կնոջ և ամուսնու, ծնորղների և երեխաների) հաշտեցման միջոցներ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն:

Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---