AP. Ռուսաստանցի հաքերները գրոհել են հայ լրագրողուհուն ElectricYerevan-ի ժամանակ

AP. Ռուսաստանցի հաքերները գրոհել են հայ լրագրողուհուն ElectricYerevan-ի ժամանակ

PanARMENIAN.Net - Fancy Bear խմբավորման հաքերները, որոնց գործունեությունը կապում են ՌԴ իշխանությունների օգտին աշխատելու հետ, գրոհել են հայ լրագրողուհուն 2015-ինElectricYerevan-ի ժամանակ, երբ Երևանում անընդմեջ ցույցեր էին ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Անցկացված հետաքննության մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ տվյալների վերլուծության, որը տրամադրել է կիբերանվտանգության Secureworks ընկերությունը, և ավելի քան 40 լրագրողի հետ հարցազրույցների համաձայն, որպես Fancy Bear հայտնի կիբերլրտեսության խումբը փորձել է ներթափանցել առնվազն 200 լրագրողի Gmail փոստարկղեր 2014-ի կեսից մինչև վերջերս:

Գրոհի են ենթարկվել այն լրագրողները, որոնք բազմիցս են «Կրեմլի դժգոհությունը» հարուցել:

Հայ լրագրողուհի Մարիա Թիթիզյանը, որը հաքերային հարձակման թիրախներից մեկն է եղել, ուշադրություն է դարձել գրոհի ամսաթվին՝ 2015-ի հունիսի 26: «Դա ElectricYerevan-ի ժամանակ էր», - ասել է նա: Բողոքները Երևանում Մոսկվայի կողմից դիտարկվում էին որպես սպառնալիք ռուսական ազդեցությանը:

Ըստ Թիթիզյանի, նրա բացահայտ քննադատությունը Կրեմլի «գաղութատիրական վերաբերմունքի» հասցեին կարող էր նրան հարձակման թիրախ դարձնել:

«Կան լրագրողներ, որոնք մտահոգում են ՌԴ իշխանություններին»,-ասել է ռուսաստանցի մեկնաբան Նատալյա Գևորգյանը՝ վերլուծելով տվյալները:

Գևորգյանը, որը ռուսական հետախուզության մասին գրքի հեղինակ է, ասել է, որ հաքերների գրոհն ուղղված էր մասնավոր նամակների հավաքագրմանը, որոնք «նրանք հետագայում կկարողանան օգտագործել որպես լծակ»:

2015-ին «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեց՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---