Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի իշխանություններն ընդդիմությանը ցրելուց բացի, այլ ելք չունեին

PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները դիմեցին այդ քայլին (հանրահավաքը ցրեցին` խմբ.), քանի որ այլ միջոց չունեին կանգնեցնելու ազգային շարժումը: Նրանք ուղղակի այլ ելք չունեին»,-այդպես է մեկնաբանել Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների ցրումը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ գլխավորում է ընդդիմադիր շարժումը: «Հանրապետության իշխանություններն ուղղակի հարմար պահի էին սպասում: Չէ որ միջազգային դիտորդներն ու լրագրողներն արդեն մեկնել են»,-հայտարարել է նա` ընդգծելով, որ ցրելուց անմիջապես հետո համապատասխան ծանուցումներ են ուղարկվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպություններին: Առաջին նախագահը գտնում է, որ այդպիսով ներկայիս իշխանությունները փորձում են խաբել ոչ միայն սեփական ժողովրդին, այլ նաեւ միջազգային հանրությանը:



«Ես կարդարացնեի իշխանությունների գործողություններն այն դեպքում, եթե հանրահավաքի մասնակիցները ապօրինի գործողություններ կատարեին, սակայն մինչ այժմ մեր բոլոր քայլերը համապատասխանել են Հայաստանի օրենքներին եւ Սահմանադրությանը»,-հայտարարել է Լ.Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ հավելել է, որ իր գլխավորած շարժումը կօգտագործի բոլոր օրինական մեթոդները Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար: «Մենք մտադիր ենք դիմել Երեւանի քաղաքապետարան հանրահավաքների եւ երթերի արտոնություն ստանալու համար: Եթե թույլտվություն չտրվի, մենք միեւնույն է հանրահավաքներ կանցկացնենք, քանի որ Սահմանադրությամբ նման ակցիաների անցկացումն արգելված է միայն արտակարգ իրավիճակի դեպքում»,-ասել է Լ.Տեր-Պետրոսյանը: Ըստ առաջին նախագահի, Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով միայն խորացրեցին ժողովրդի եւ կառավարության միջեւ եղած անջրպետը: Ներկայիս իշխանություններին առավելագույնս կառավարելու 10 օր է մնացել :



Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերը ցրել են Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որոնք արդեն 10 օր է, ինչ բողոքի ցույցեր են անցկացնում Ազատության հրապարակում` պահանջելով անցկացնել նախագահի նոր ընտրություններ: Ըստ Հայաստանի առաջին նախագահի շտաբի, նրա կողմնակիցներից մի քանիսը ձերբակալվել են, ինքը Տեր-Պետրոսյանը, չնայած որ տնային կալանքի թույլտվություն չի տրվել, չի կարող լքել իր առանձնատունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---