ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագիրը ներկայացվել է նախագահին

ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագիրը ներկայացվել է նախագահին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 12-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաև, որ հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծին, ավելի վաղ հայտարարել էր. «Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ»

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---