Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Հանրապետության նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:

Ուղերձում նշվում է, որ կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Պուտինի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:

Նախագահը հավելել է, որ Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

«Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»,-ասվում է նախագահի ուղերձում:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների 99%-ի հաշվարկի արդյունքում հաղթել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների 76,65%-ը հավաքելով: Ընդհանուր առմամբ նրա օգտին քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---