Սվիտալսկի. ԵՄ-ն հավատում է երիտասարդներին, հատկապես՝ հայ

Սվիտալսկի. ԵՄ-ն հավատում է երիտասարդներին, հատկապես՝ հայ

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նոր նախաձեռնության և Հայաստանում երիտասարդության հզորացմանն ուղղված 4 նոր ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրերի մեկնարկի արարողության ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, դիմելով երիտասարդներին, նշել է, որ նրանք պետք է կարողանան ստեղծել այլ պետություն, հայտնում է Panorama.am-ը:

«Պատասխանատվությունը ձերն է՝ ձեր երկրի, ձեր պետության համար ավելի լավ ապագա ստեղծելու: ԵՄ-ն հավատում է երիտասարդներին, հատկապես հայ երիտասարդներին: Դուք ունեք այդ առավելությունը, ունեք հարուստ քաղաքակրթություն, հայտնի անձինք բոլոր ոլորտներում»,- ասել է նա՝ հավելելով, որ երիտասարդները պետք է կարողանան երկիրը առաջ տանել և ներկայացնել աշխարհին: Սվիտալսկին նշել է՝ հայերը տաղանդավոր են, բարձր IQ ունեն, ԵՄ-ն աջակցում է՝ լավ կրթության հնարավորություն ստեղծելով երիտասարդների համար:

Սվիտալսկու խոսքով՝ անձինք, ովքեր անհամաձայնության մեջ են միջավայրի հետ, ունեն երեք տարբերակ՝ կամ համաձայնել, կամ բարձրաձայնել իրենք անհամաձայնությունը, կամ լքել երկիրը: Նա ընդգծեց՝ չէր ցանկանա, որ այդ անձինք բավարարվածություն ստանան այլ երկրներում: Նա նշել է՝ հայերը շատ հաջողակ են այլ երկրներում կարիերա ստեղծելիս, բայց լավ կլինի, որ նրանք բավարարվածություն գտնեն իրենց երկրում, այլընտրանք չփնտրեն դրսում: «Ես հպարտ եմ, որ 4 ծրագիր է ընտրվել արդեն, սա վկայությունն է նրա, որ մեծ պոտենցիալ կա, տաղանդ, ստեղծարարություն, մենք հպարտ ենք, որ հաջողվեց այս ծրագիրը»,- ասել է Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը կազմվել է Դանիական Կարմիր խաչի կողմից` հայկական, վրացական և բելառուսական Կարմիր խաչի ազգային ընկերությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: Հայաստում ծրագիրը ներառելու է սահմափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում՝ այդ թվում նաև հաշվարկային տվյալներով առավել խոցելի 300 երիտասարդի, ովքեր տուժել են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքներից: Մոտ 60 երիտասարդ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանա՝ սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագիրը նպատակ ունի զարգացնել Արևելյան գործընկերության անդամ 3 երկրների երիտասարդների, այդ թվում խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝զբաղունակություն և կայունություն» ծրագրի առանցքային բաղադրիչը 300 երիտասարդի վերապատրաստումն է կյանքի, սոցիալական, մասնագիտական և զբաղունակության հմտությունների վերաբերյալ՝ ըստ «Նեքսթ էքոնոմի» դասընթացի ծրագրի: Հայաստանցի երիտասարդները կծանոթանան մրցակցային աշխատաշուկային, պահանջվող մասնագիտություններին, կտեղեկանան թե որտեղ աշխատանք փնտրել, ինչպես պատշաճ պատրաստվել աշխատանքի դիմելու գործընթացին, ինչպես նաև ձեռք կբերեն աշխատանքային փորձ: Մասնավոր բիզնեսի և պետական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, ծրագիրը 120 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կտա ինչպես նաև կապող օղակ կհանդիսանա երիտասարդների և պոտենցիալ ապագա գործատուների միջև: Արդյունքում այդ երիտասարդներից 70-ը, ծրագրի ավարտին, աշխատանք կստանա:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։ Թիրախային խումբ են հանդիսանում հատկապես սակավ հնարավորություններ ունեցող 15-35 տարեկան երիտասարդներ։ Ծրագրի նպատակն է աջակցել նրանց աշխատանք գտնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---