Փաշինյան. Կարապետյանն իշխանություն չունի ՀՀ-ում (Թարմացվող)

Փաշինյան. Կարապետյանն իշխանություն չունի ՀՀ-ում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մեկնարկել ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը։ Ապրիլի 25-ի վաղ առավոտից Երևանում և մարզերում մեկնարկել են բողոքի միջոցառումները։

Քիչ առաջ ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ավելի վաղ ՀՅԴ-ն դուրս էր եկել կոալիցիայից։

«Կարեն Կարապետյանն իշխանություն չունի ՀՀ-ում։ Ոստիկանության և ոստիկանպետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարությունը ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են և հրաժարվելու են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրահանգ։ Ես ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան Կարապետյանը», - ասել է նա։

22։19 Փաշինյանն ասում է, որ ապրիլի 26-ին ժամը 12։00-ից պետք է նոր թափով և ավելի մեծ ծավալով շարունակել քայլերթերը, հավաքները և կամուրջների, փողոցների արգելափակումները։ Իսկ Հանրապետության հրապարակում հանրահավաքը կմեկնարկի ժամը 19։00-ին։ Փաշինյանն ասաց, որ նա իր գործողությունները կսկսի նշված ժամին «Լամբադա» կամրջի մոտ։

22։02 Փաշինյան. «Մենք չենք ասում, որ վարաչպետի ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում, այլ ասում ենք, որ հրապարակը և ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի իր թեկնածուն, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ և կոնսենսուսով առաջակեն այդ թեկանծուին»։

Ըստ Փաշինյանի այս տարբերակն իրականանալի է, քանի որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, «Ծառուկյան» խմբակցությունը միացել է, և կան ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ պատրաստ են քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին։

21։38 Հարթակում Նիկոլ Փաշինյանն է. «Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից և ապրիլի 24-ի հիշատակի արարողությունից հետո, այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու, բայց այն ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում մի բան, նա մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր մեկնարկած «թավշյա», ոչ բռնի հեղափոխության հաղթանակը և ՀՀ-ի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերել։ Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ։ Շատ է քննարկվում, թե իբր մենք հրաժարվել ենք բանակցություններից, ես ուզում եմ հստակ արձանագրել հետևյալը, այն ժամանակ երբ նշանակված էին բանակցությունը, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ, և ասում էին որ խնդրում էին հաշվի առեք, որ Կարեն Կարապետյանը այս բանակցություններում մեզ չի ներկայացնում»։

Ըստ Փաշինյանի, Կարապետյանը հրավիրել է ուժայինների հետ նիստ և պնդել, որ արտակարգ դրություն է պետք մտցնել։

«Ես պաշտոնապես հիմա ասում են, Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, եթե նույնիսկ այդպիսի մի թուղթ ստորագրես՝ մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը։ Լուրեր են տարածում, որ Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծելու է, և դառնալու է վարչապետ, ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, քանի որ այսօր հանդիպում եմ ունեցել Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ ՌԴ-ն չի միջամտում ՀՀ-ի ներքին գործերին։ Կան որոշ մարդիկ, բիզնեսմեններ, որոնք համարվում են Կարապետյանի աջակիցները, և իրենց տեսակետը ներկայացնում են որպես Մոսկվայի տեսակետ։ ՀՀ-ն վարձակալության հանած առևտրի կենտրոն չէ, ձեր քիթը մի խոթեք այնտեղ, որտեղից գլուխ չեք հանում», - ասել է Փաշինյանը։

21։35 ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 25-ին նախատեսված, սակայն չկայացած բանակցություններին ուզում էր գալ միայնակ։

«Նա ուզում էր մեզ ցույց տալ, թե իբր վայելում է ՀԿԿ-ականների աջակցությունը, ՀՀԿ-ի առաջնորդն է, նա ուզում էր ՀՀԿ-ականներին ցույց տալ, թե իբր նա է միակ մարդը, ում հետ մենք խոսում ենք և ուզում էր աշխարհին ցույց տալ, որ նա է այն մարդը ՀՀ-ում, որը կարողանում է իրավիճակին տիրապետել։ Ակնհայտ է, որ այդ երեքից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում։ Ես հասկանում եմ, որ նա ուզում է վարչապետ լինել, բայց ժողովուրդն այլ ծրագրեր ունի, նա վարչապետի իր թեկնածուին ունի», - ասել է նա։

20։55 Հարթակում դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն։ Նա ասում է, որ շատերը փորձում են խեղաթյուրել ժողովրդական այս շարժումը՝ ասելով, որ սա պաշտոնի կռիվ է։

«Ծիծաղում եմ ես այդ մարդկանց վրա, այս պահին մենք բոլորս կարողանում ենք վստահել աշխարհում այդ մեկ հոգուն՝ Նիկոլ Փաշինյանին, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում»,- ասել է նա։

20։42 ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ասում է. «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այս հարթակում հայտարարեց, որ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ լինի քաղաքական համերաշխություն՝ մինուս ՀՀԿ և Սերժ Սարգսյան։ Ձեր շնորհիվ այսօր ունենք այդ իրավիճակը»։

20։35 Հարթակում «Մերժիր Սերժիր» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն է։ «Երեկ գիշերվանից տագնապ կար՝ տեղեկություն ունեինք, որ իշխանություններն ուզում են ուժ կիրառել, բայց չարեցիքն, քանի որ մենք բռունցքվել ենք և ցույց ենք տվել, թե ով ենք մենք, ով են իրենք (իշխանությունները-խմբ.)», - ասում է նա։

20։28 ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասում է. «Ահա՛ այն իրողությունը (հեղափոխությունը-խմբ.), որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն, այս իրողությունը չկարողացավ կայանալ երեսուն տարի, այսօր կայացավ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

20։18 ՔՊ անդամը, Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանը ներողություն է խնդրում ապրիլի 23-ի հանրահավաքի ընթացքում հարթակում ելույթ ունեցած տարեց մարդու միջադեպի համար, ով ներկայացել էր որպես Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ։

«Այդ մարդը Աբաջյանի պապիկը չէր, բայց ներկայացել էր այդպես՝ հավանաբար շատ էր ուզում ելույթ ունենալ։ Մենք ներողություն ենք խնդրում Աբաջյանի ընտանիքից, կանենք ամեն ինչ, որ նման բան չկրկնվի», - ասում է Բաթոյանը։

19։52 Հարթակում ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանն է: Նա ասում է, որ այն ինչ արեց հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ է մտնելու։ Նա ասում է նաև, որ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի ՀՀ-ում։

«Եկել է ժամանակը, որպեսզի մենք միասին որպես իշխանություն կայացնենք մեր առաջին ամենակարևոր որոշումը՝ այն է, պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից ընմտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականցնել փոփոխություններ և արտահերթ ընտրություններ», - ասել է Ռուբինյանը։

Ի պատասխան՝ հրապարակը վանկարկում է «Նիկոլ, Նիկոլ»։

«ԱԺ-ն նոր վարչապետ ընտրելու է հետևյալ ընթացակարգով՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, և մենք՝ ՀՀ ժողովուրդը, ակնկալում ենք, որ կոնսենսուսով բոլոր խմբակցությունները ներկայացնելու են մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանին, և ընտրելու են այդ թեկնածուին», - ասել է Ռուբինյանտ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---