ՀՀ-ն և Չիլին վերացնում են վիզան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար

ՀՀ-ն և Չիլին վերացնում են վիզան դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), որը Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկել են քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորել են Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի ապրիլի 27-ին նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---