«Ավրորայի» հիմնադիրները շնորհավորել են Փաշինյանին. Հետագայում ևս կնպաստեն ՀՀ զարգացմանը

«Ավրորայի» հիմնադիրները շնորհավորել են Փաշինյանին. Հետագայում ևս կնպաստեն ՀՀ զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայտնի գործարարներ և բարերարներ, Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով՝ նշելով, որ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, իրենք ևս պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլև շարունակաբար նպաստել Հայաստանի արդար և խաղաղ զարգացմանը:

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ և վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին:Այս նոր շրջադարձը հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգևորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի և Արցախի զարգացմանը»,-ասվում է նրանց ուղերձում:

Նշվում է, որ իրենք նույն նպատակն ունեին, երբ 17 տարի առաջ սկսեցին «Հայաստան 2020» նախագիծը՝ ուսումնասիրելու և դիտարկելու Հայաստանի կենսունակ ապագայի զարգացման ուղիները: Այդ ժամանակվանից բազմաթիվ սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով՝ Ազգային մրցունակության հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA Foundation) հիմնադրամ, Տաթևի զարգացման ծրագիր, UWC Դիլիջան դպրոց, Aurora Prize, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST - Foundation for Armenian Science and Technology), քայլ առ քայլ՝ նախագիծ առ նախագիծ, իրենք վերագտնում էին իրենց երազած Հայաստանը և սովորում կառուցել հայրենի երկիրը:

«Այսօր երիտասարդ ՀՀ-ն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության և հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացը սկսելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են և կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ և հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի և միջազգային աշխարհի ներգրավվածության և Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ:Այսօր մենք մնում ենք հավատարիմ հայ ժողովրդի լավագույն ապագան կերտելուն՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին՝ համընդհանուր նպատակներին հասնելու համար»,-ասվում է ուղերձում:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:

Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---