Միլս. ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ-ին նախանշված նպատակների իրականացման գործում

Միլս. ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ-ին նախանշված նպատակների իրականացման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը՝ կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը

«ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությանն ու հնարավոր օժանդակությանը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին և կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաև այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով:

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: «Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության և հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում»,- ասել է դեսպան Միլսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---