Աթենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հունաստանի խորհրդարանի նախկին շենքում տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց Ցեղասպանությունը եւ թրքական պատասխանատվության խնդիրը» (A Shameful Act: Armenian Genocide and the Question of Turkish Responsibility) վերնագրով եւ Ցեղասպանության մասին թրքական փաստեր պարունակող գրքի ներկայացում-շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Գրքի հունարեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է Հունաստանի Հայ Դատի Հանձնախմբի եւ «Փափազիսիս» հրատարակչության համագործակցությամբ: Գրքի մասին ներածական խոսքով հանդես եկան հեղինակ Թաներ Աքչամը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Էվանգելոս Վենիզելոսը եւ Պանդիո համալսարանի դասախոս Մարիոս Էվրիվիատիսը:



Թաներ Աքչամն իր խոսքում մասնավորապես ասաց. «Շատ անգամ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ Թուրքիան այսպիսի մերժողական կեցվածք է որդեգրել Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու հարցում: Արդյո՞ք հատուցում պայմանավորող հետեւանքներին ենթակա չլինելու համար: Սակայն ես անձնապես կհավատամ, որ հարցը միայն բարոյական երես է պարունակում. յուրաքանչյուր ազգ ունի իր հերոսներն ու ազգը կառուցող դեմքերը. դժվար է գիտակցել այդ հերոսների թերությունները, ճանաչել թե նրանք ոճրագործներ ու ստախոսներ էին: Ազգի հերոսների անկումը անըմբռնելի հետեւանքներ կարող է ունենալ ազգային արժանապատվության պահպանման հարցում: Այս է հիմնական պատճառը, որ Թուրքիայում այնքան անհրաժեշտ է ժողովրդավարացումը եւ իմ հստակ դիրքս է եղել դիմել թուրք ժողովուրդին` դեմ-հանդիման գալու իր պատմության հետ»,-հայտարարել է Թ.Աքչամը:



Շնորհանդեսին ներկա էին նաեւ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Անաստասիոս Ներանձիսը, պատգամավորներ, հունահայ համայնքի ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ ներկաներ: Ապրիլի 15-ին Թաներ Աքչամի մասնակցությամբ գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել Սալոնիկներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---