ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» մեղադրական հայտարարությանը

ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» մեղադրական հայտարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, արձագանքելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մեղադրական հայտարարությանը, նշել է, որ այն «ամբողջովին կառուցված է ստի, կեղծիքների և փաստերի խեղաթյուրման վրա», հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատել «Փյունիկի»՝ «Երևան» ՖԱ վերանվանման նախաձեռնությունը, և Ֆուտբոլի դեպարտամենտը հայտնել է իր պատրաստակամությունն անվանափոխման հնարավոր գործընթացին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:

«Սակայն, ի տարբերություն «Փյունիկի» սոսկ հայտարարությունների՝ նախկինում բոլորին հայտնի «Երևան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն օրենքով սահմանված կարգով գրանցել և ՀՖՖ-ում հայտավորել է «Երևան» թիմը: Այսինքն, առնվազն անգրագետ պետք է լինել կամ այդպիսին ձևանալ, որպեսզի սեփական «անգործությունը» կամ այլոց «գործությունը» բարդել ՀՖՖ-ի վրա: Բացարձակ սուտ է և հերյուրանք է այն, որ իբրև թե «Փյունիկի» սաները մեկ տարով փոխանցվել են «Ավանի Ակադեմիային» և ապա հետ վերադառնալու փոխարեն՝ ապօրինի տեղափոխվել «Երևան» ֆուտբոլային ակումբ: Ստախոսներին առաջարկում ենք հրապարակել գեթ մեկ փաստաթուղթ՝ ի պաշտպանություն իրենց հայտարարության: Ավելին, այդ ո՞ր «Փյունիկի» սաների մասին են խոսում. այն «Փյունիկի», որն ամբողջությամբ, ներառյալ գրեթե բոլոր սաների իրավունքները, ձրի, առանց կոպեկ փոխհատուցման նվեր են ստացե՞լ: Բացի այդ, համաձայն այդ նույն՝ իրենց հիշատակած «Երևան» ակումբի ղեկավարների հայտարարության, անգամ իրենք դեռ չեն որոշել իրենց թիմի կազմը, իսկ ահա «Փյունիկն» արդեն «գուշակել» է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը բարձրացել է ոչ միայն «Փյունիկի», այլև բոլոր վարձակալողների համար: Զգալիորեն բարձրացել են նաև ՈւԵՖԱ-ի կողմից Եվրագավաթների մասնակցության ծախսերը հոգալու համար ակումբներին տրվող աջակցությունները:

«Տարիներ շարունակ ՀՖՖ-ն փոխհատուցել է մարզադաշտի շահագործման ծախսերի տարեկան 80-100 միլիոն դրամ դեֆիցիտը` այդպիսով լրացուցիչ աջակցություն ցուցաբերելով միայն մարզադաշտը վարձակալողներին: Այսուհետ, այդ միջոցները կուղղվեն մարզային ֆուտբոլային սուբյեկտներին, որոնք ՈւԵՖԱ-ից ուղղակի աջակցություն չեն ստանում: Սուտ է այն հայտարարությունը, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան մարզադպրոցի տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի: Կխնդրեինք «իրավունքի մեծն գիտակներին» հրապարակել այդ իրավունքի համար հիմք հանդիսացող պայմանագիրը: Ստոր սուտ և կեղծիք է հատկապես այն հայտարարությունը, իբրև թե ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ։ Ուղղակի չէր կարող լինել նման հայտարարություն, քանի որ ի տարբերություն «Փյունիկի», ով որդեգրել է ստահոդ հայտարարությունների, պատերի տակ վայրահաչելու, ցանկալին իրականի տեղ ներկայացնելու գործելաոճ, ՀՖՖ-ն մշտապես գործել է միջազգային և ազգային օրենսդրության պահանջների շրջանակներում», -նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ-ն պահանջում է «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, «այլապես հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում»:

Ավելի վաղ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված:

Հուլիսի 16-ինԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---