Վարչապետ. ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2019-ի մայիսին կամ հունիսին

Վարչապետ. ԱԺ ընտրությունները կանցկացվեն 2019-ի մայիսին կամ հունիսին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն ամենաուշը տեղի կունենան 2019-ի մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում:

Նա նշել է, որ պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի խորհրդարանն ինքնալուծարման մասին որոշում կարողանա կայացնել, առանց վարչապետի հրաժարականի:

Վարչապետը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Սահմանադրության փոփոխության ուղղությամբ, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ «քաղաքացիները երաշխիքներ են ուզում են, որ վարչապետի հրաժարականից հետո ստիպված չեն լինի հեղափոխություն իրականացնել»:

Ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը չընտրի նոր վարչապետ, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն պետք է արձակվի։

«Անհրաժեշտության դեպքում կանեն հեղափոխություն, չեմ կասկածում։ Պետք է երաշխիքներ ունենանք, որ հակաժողովրդական գործողություններ ձեռնարկելու փորձեր չեն արվելու», - ասել է Փաշինյանը։

«Աշխատում ենք փոփոխությունների վրա, փաթեթը շուտով պատրաստ կլինի և կուղարկվի ԱԺ։ Կլինեն քաղաքական քննարկումներ», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Հիմա, ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես որպես վարչապետ հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել, թե թողնենք հրաժարական տա, հետո արագ ուրիշ վարչապետ կընտրենք: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետևյալը՝ կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետևյալը. ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլև ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---