«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և ԱՄՆ ՄԶԳ գործակցությամբ Վեդիում նշվել է Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրը

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և ԱՄՆ ՄԶԳ գործակցությամբ Վեդիում նշվել է Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և դրա գործընկեր 12 համայնքըՙ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ գործակցությամբՙ նշել են Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրը։

ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերն ընդգծել է. «Մենք հպարտ ենք, որ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրն իր նպաստն է բերում՝ զարգացնելով Արարատյան դաշտի երիտասարդների կարողությունները՝ իրազեկելով նրանց ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում իրենց իրավունքների մասին և սովորեցնելով ջրային ռեսուրսների մոնիտորինգ իրականացնել իրենց համայնքներում։ Մենք լավատես ենք, որ այս ջանքերը նպաստելու են վարքագծի դրական փոփոխությանը, որն օրինակ է ծառայելու Հայաստանի մյուս համայնքների համար։ ԱՄՆ կառավարությունը հպարտ է հայ գործընկերների հետ ջրային ռեսուրսների ոլորտում իր շարունակական համագործակցությամբ, և մեր շարունակական համագործակցությունը վկայում է մեր երկու երկրների միջև սերտ գործընկերության մասին, որը հիմնված է ջրային թանկարժեք ռեսուրսների պաշտպանությանն ուղղված մեր ընդհանուր նպատակին»։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալը, Վեդի համայնքի ղեկավարը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ու «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչները։

Իր ելույթում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նշել է. «Որպես պատասխանատու բիզնես մշտապես ուշադրություն ենք դարձնում շրջակա միջավայրի պահպանմանը։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր ընկերությունում կիրառվող մի շարք տեխնիկական լուծումների շնորհիվ հնարավոր է դարձել էապես նվազեցնել մեր արտադրության ընթացքում օգտագործվող ջրի ծավալները։ Մոնիտորինգն էական դեր է խաղում ջրի կառավարման մեր գործընթացում, քանի որ թույլ է տալիս անընդհատ հետևել մեր գործողություններին և համապատասխան կարգավորումներ իրականացնել: Կարծում եմ՝ շատ կարևոր է ապահովել, որպեսզի համայնքների բնակիչներն ու ընկերությունները ունենան համապատասխան հմտություններ և միջոցներ՝ մոնիտորինգի ենթարկելու այն ջուրը, որն օգտագործում են»։

Միջոցառման ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կայունության տնօրեն Վահան Ստեփանյանը ներկայացրեց գործարանում կիրառվող ջրի մոնիտորինգի համակարգը և տեխնիկական լուծումները։ Արտադրական գծերում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման և գործարանի՝ ջուր սպառող հատվածների մշտական մոնիտորինգի շնորհիվ՝ ընկերությունը կարողացել է բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը՝ վերջին տարիներին ջրի սպառումը կրճատելով ավելի քան 20 տոկոսով։

Ավելի վաղ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք վերապատրաստման դասընթացներ և ուսումնական այցեր Արարատյան դաշտի բնակիչների և երիտասարդների համար, որոնց ընթացքում մասնակիցներին սովորեցրել են, թե ինչպես իրականացնել ջրի մոնիտորինգ և ստուգել ջրի որակը՝ կիրառելով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին տրամադրված՝ ջրի փորձաքննության սարքավորումները։ Արարատյան դաշտի մի քանի համայնքներում ջրի որակի մոնիտորինգի արդյունքները ներկայացվեցին միջոցառման ընթացքում, և ջրի մոնիտորինգի արդյունքում ձեռքբերված տվյալները վերբեռնվեցին Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրվա հատուկ հարթակում, որտեղ դրանց կարող է ծանոթանալ 1,5 միլիոն մարդ՝ 146 երկրից ամբողջ աշխարհում, ում համար այն հասանելի է։ Տեղական մակարդակում ջրի որակը ստուգելը, միջազգային մակարդակով տվյալները հանրայնացնելը և ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը հնարավորություն ընձեռեց «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր 12 համայնքին տեղեկանալ այն մասին, որ համայնքները կարող են իրականացնել իրենց սեփական ջրային ռեսուրսների մոնիտորինգ և գնահատում՝ այդպիսով նպաստելով իրենց հայմանքներում առողջությանն ու կայունությանը։

Միջոցառմանը ներկա են եղել գործընկեր համայնքների մանկավարժները, երիտասարդները, ՏԻՄ-երը, «Քաղաքացի լրագրողներ» խմբի և համայնքների ակտիվ ներկայացուցիչները, Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։ Միջոցառումն իրականացվում էր 2018-ի մարտին մեկնարկած՝ «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» հանրային իրազեկման միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ գործակցությամբ։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---